4 հուլիսի 2013 - 14:55 AMT
Հայաստանն ու Լիտվան կարևորում են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Նա նշեց, որ Հայաստանը Լիտվայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի և մեծ նշանակություն է տալիս երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Փոխվարչապետի խոսքով` ԵՄ անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը, մասնավորապես` տարածքային զարգացման ոլորտում, հետաքրքիր և օգտակար կարող են լինել Հայաստանի համար: Նա նաև կարևորեց երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը:

Ա. Գևորգյանն անդրադարձավ նաև տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին` նշելով, որ հիմքում տարածքների համաչափ զարգացումն է, և դրանց իրականացման հարցում Հայաստանն ակնկալում է նաև Եվրամիության ու անդամ երկրների աջակցությունը:

Դեսպանը վստահեցրեց, որ իր կողմից կանի հնարավորը` երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար: Նա ընդգծեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` կարևորելով նաև միջտարածաշրջանային փոխգործակցությունը:

Անդրադառնալով Եվրամիությունում Լիտվայի նախագահությանը` դեսպանը նշեց, որ նախագահության ընթացքում մեծ նշանակություն է տրվելու Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը, և Լիտվան այդ գործընկերության զարգացման ջատագովներից է:

Կողմերն անդրադարձան նաև Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերին, մասնավորապես «Թվինինգ» ծրագրի ընթացքին: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաև Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում իրականացված և իրականացվելիք միջոցառումների մասին, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: