4 հուլիսի 2013 - 15:43 AMT
ՎՊ. 2012թ.-ի հաշվետվության մեջ «մսխվում, թալանվում, լափվում է» արտահայտություններ չկան

Վերջին օրերին, 2012 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկված կառույցների ղեկավարների, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ արված մամուլի ասուլիսների արդյունքների վերաբերյալ որոշ լրատվամիջոցներով կարծիք է հնչել, որ վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ և անհամաձայնություններ: Այս կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել:

«2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, (բացառությամբ` Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի), բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց:

Իսկ ինչ վերաբերվում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` «բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թալանվում և լափվում է» հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ոչ արձանագրություններում, ոչ ընթացիկ հաշվետվություններում, և ոչ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում»,- ասվում է ՎՊ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2012 թվականի իր տարեկան հաշվետվությունը, որով բազմաթիվ խախտումներ և բացթղումներ է արձանագրվել: Ավելացնենք, որ արդեն մի քանի օր է գերատեսչությունների ղեկավարները մամուլի ասուլիսներ են հրավիրում և ներկայացնում են ՎՊ հաշվետվության հետ կապված իրենց առարկությունները:

Հավելենք նաև, որ ՀՀ նախագահի մոտ հունիսի 29-ին տեղի է ունեցած բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաև Վերահսկիչ պալատի գործունեությանը: Նա նշել էր. «Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով: Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին»: