20 փետրվարի 2006 - 16:39 AMT
Կոնգրեսականները պահանջում են Ք.Ռայսից բացատրել Երեւանին եւ Բաքվին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռության խախտումը
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի մասնակցությամբ ունկնդրումների ընթացքում վերջինիս խնդրել է բացատրել, թե ինչու Բուշի վարչակազմը 2007 թ. բյուջեի նախագծում առաջարկում է խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրելու ոչ պաշտոնական համաձայնությունը, որ կնքվել է 2001 թ. Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ: Բրեդ Շերմանն ընդգծել է, որ վարչակազմը Հայաստանից գրեթե 40 տոկոսով ավելի ռազմական օգնություն է առաջարկել Ադրբեջանի համար, եւ հիշեցրել, որ երկու երկրներին հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրելու համաձայնությունը կայացվել է, երբ Կոնգրեսը թույլ է տվել ԱՄՆ նախագահին վերացնել Ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղումը, որով առհասարակ արգելվում էր որեւէ ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին: «Պատերազմը վերսկսելու` Ադրբեջանի նախագահի վերջին սպառնալիքների եւ Կոնգրեսի հետ ոչ պաշտոնական այդ համաձայնության լույսի ներքո, հուսով եմ, դուք կապահովեք այդ երկու երկրների միջեւ ռազմական հավասարակշռության պահպանումը»,- հայտարարել է Շերմանը: Կոնգրեսականը նշել է նաեւ, որ վարչակազմի առաջարկած նախագծով Հայաստանի համար 2007 թ. նախատեսվում է մեկ երրորդով պակաս տնտեսական օգնություն, քան 2006 թ.: Նա վստահություն է հայտնել, որ Կոնգրեսը հաջորդ տարվա համար եւս կապահովի նույնքան տնտեսական օգնություն, որքան այս տարի: Ռայսը համաձայնել է կոնգրեսականի հարցերին պատասխանել գրավոր:

Ունկնդրումների ընթացքում ամերիկահայությանը հուզող խնդիրների առնչությամբ գրավոր հարցումներ են ուղղել նաեւ հանրապետական սենատոր Ջորջ Ալենը, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներ Ադամ Շիֆը, Գրեյս Նապոլիտանոն եւ Դայան Ուոթսընը: Ադամ Շիֆը հարցադրում է կատարել, թե ինչ դեր է խաղացել պետքարտուղարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին կառուցողական այլակարծության համար Ամերիկայի Օտարերկրյա ծառայության ընկերակցության շնորհած «Քրիստիան Ա.Հերթեր» մրցանակի հետկանչի գործում` Թուրքիայի վարչապետ Էրդողանի Վաշինգտոն այցի նախօրեին: Նա նաեւ պետքարտուղարին կոչ է արել վստահեցնել հանձնաժողովին, որ պետքարտուղարությունը որեւէ պատժիչ գործողություն չի ձեռնարկել եւ չի ձեռնարկելու դեսպան Էվանսի նկատմամբ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակավ արտահայտվելու համար: Շիֆը գրավոր հարցում է ուղղել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռության խախտման առաջարկի կապակցությամբ: Գրեյս Նապոլիտանոն հարց է ուղղել Հին Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատանը ադրբեջանցիների բարբարոսություններին պետքարտուղարության արձագանքի վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: