Պետական բյուջեն կատարվել է շուրջ 31.2 մլրդ դրամ հավելուրդով

Պետական բյուջեն կատարվել է շուրջ 31.2 մլրդ դրամ հավելուրդով

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց 2013 թվականի պետական բյուջեի առաջին հինգ ամիսների կատարողականի օպերատիվ արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 408.9 մլրդ դրամ, ծախսերը` 377.7 մլրդ դրամ, արդյունքում ձևավորվել է շուրջ 31.2 մլրդ դրամ հավելուրդ՝ առաջին կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին հինգ ամիսների տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները 81.4%-ով, ծախսերը՝ 74.9%-ով ապահովվել են կիսամյակային ծրագրի կատարումը: Բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 802.5 մլն դրամով, մինչդեռ առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված էր 43.3 մլրդ դրամի օգտագործում:

Գ. Զարգարյանը նշեց, որ պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել են աճ 19.6 %-ով կամ շուրջ 67.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների հաշվին: Պետական գանձարան մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ավելի քան 389.4 մլրդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ եկամուտներն աճել են 20.4%-ով կամ 65.9 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով:

Անդրադառնալով պետբյուջեի ծախսային մասի կատարողականին՝ Զարգարյանն ընդգծեց, որ պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել են՝ հիմնականում պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: Աճն ընդհանուր առմամբ կազմել է 8.5% կամ շուրջ 29.7 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---