5 հուլիսի 2013 - 11:25 AMT
ՀՀ նախագահ. Ցանկանում եմ բոլորիս օր օրի ամրացող պետություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է մեզ համար: Այդ օրը մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը: Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և լուրջ գործընթաց:

Մեր երկրի հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով պետական այս կարևոր տոնի առթիվ՝ ցանկանում եմ բոլորիս օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»: