ԼՂՀ վարչապետ. Ստատուս քվոյի դրական փոփոխությունը կարող է արտահայտվել միայն ԼՂՀ միջազգային ճանաչմամբ

ԼՂՀ վարչապետ. Ստատուս քվոյի դրական փոփոխությունը կարող է արտահայտվել միայն ԼՂՀ միջազգային ճանաչմամբ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակում ընթացող այսպես կոչված «բանակցային գործընթացի» այս փուլում ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ կողմի մասնակցությունը պարտադիր չէ, քանի որ այդ բանակցություներում հարցի լուծման որևէ հեռանկար դեռ չի ուրվագծվում: Նման հայտարարություն է արել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչների և նվիրատուների խմբի հետ հանդիպմանը, փոխանցում է karabakh-open.info-ն:

ԼՂՀ կառավարության ղեկավարը պատասխանել է «Նոր Յառաջ» թերթի թղթակցի հարցերին: Արա Հարությունյանի խոսքով՝ հարցի լուծումն այնքան հեռու է, որ բանակցությունները առայժմ ձևական բնույթ են կրում, և դրանց այսօրվա միակ արդյունքը տարածաշրջանում խաղաղության պահպանումն է: Վարչապետը հիշեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և հայկական կողմի այն դիրքորոշումը, որ հակամարտության լուծումն առանց ԼՂ մասնակցության անհնար է, լրացնելով, որ Ստեփանակերտը, հակամարտության լուծման վերաբերյալ իր դիրքորոշումը մեկ անգամ չի հայտարարել և այն հայտնի է՝ թե ՄԽ-ի համանախագահներին, թե միջազգային կառույցներին: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, ըստ ԼՂՀ վարչապետի, հուշում են, որ առաջիկայում այդ գործընթացում որևէ դրական տեղաշարժ չի լինելու։ «Բայց դա մեզ չի մտահոգում, մենք շարունակելու ենք զարգանալ, հետապնդելով մեր ազգային շահերը, ինչպես բանակցություններում, այնպես էլ այլ հարաբերություններում»,- ասել է Արցախի վարչապետը:

Ըստ Արա Հարությունյանի՝ տարածաշրջանում ստատուս քվոյի դրական փոփոխությունը կարող է արտահայտվել միայն ԼՂՀ միջազգային ճանաչմամբ, և քանի դեռ դա տեղի չի ունենում, Արցախում փորձել են հարմարվել ստեղծված իրավիճակին` դրան հարիր քայլեր ձեռնարկելով, որոնք պետք է տվյալ պայմաններում երկրի զարգացումն ապահովեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---