5 հուլիսի 2013 - 12:53 AMT
Քահանա. Ջուրը Վարդավառի տոնի հետ գրեթե կապ չունի

Վարդավառը եկեղեցական տոն է, որը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը: Այս տարի տոնը կնշվի հուլիսի 7-ին` կիրակի օրը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը նշեց, որ տոնն ունի Քրիստոսի պայծառակերպության կամ այլակերպելու մասին խորհուրդը: «Այդ տոնի մեջ մենք տեսնում ենք նաև ապագայի խորհուրդը, թե մարդն ինչպես կներկայանա Աստծուն»,- ասաց քահանան: Նա նշեց, որ ջուրը տոնի հետ գրեթե կապ չունի: «Չմոռանալով ջրհեղեղի մասին և թե ինչ է տեղի ունեցել` մարդն ամեն տարի ամռանն իրեն և ուրիշներին ջրելով, վարդեր թափելով, աղավնիներ թռցնելով ցույց է տալիս, որ Աստված իրեն չի մոռանում և ինքն աշխատելու է մեղքեր չգործել»,- ներկայացրեց Տեր Թովման:

Ըստ նրա` մեր օրերում մարդիկ երբեմն մյուսներին ջրելով չափն անցնում են. «Ժողովուրդը վայրի ձևով է մյուսներին ջրում: Եղել են դեպքեր, երբ ջրելու հետևանքով դժբախտ պատահարներ են տեղի ունեցել»: Նա շեշտեց, որ ջուր ցողելով իրականում մարդիկ պետք է ցույց տան, որ ընդունում են Աստծուն և պատրաստ են մեղսավոր աշխարհում մաքուր ապրել:

Նշենք, որ Վարդավառը տաղավար տոն է, այդ օրը եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում: Հոգևորականները դուրս են գալիս, շրջում մարդկաց մեջ և նրանց վրա վարդաջուր ցողում: Վարդավառի տոնը սովորաբար նշվում է Նավասարդ ամսին: Այն եկել է հեթանոս ժամանակներից: Քահանան նշեց, որ Գրիգոր Լուսավորիչը տոնը քրիստոնեացրեց այն պատճառով, որ ժողովուրդն այն շատ էր սիրում: Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը նշվում է Սուրբ Զատկից հետո` 14-րդ կիրակի օրը: Վարդավառը շարունակությունն է Հարության տոների` Հարություն, Համբարձում, Հոգեգալուստ և Վարդավառ: Վարդավառը խոսում է, որ Քրիստոս է թագավորում երկիրը և ամբողջ մարդկությունն ընդունում է նրան: