5 հուլիսի 2013 - 14:42 AMT
Շտեֆան Ֆյուլե. ԵՄ կողմից կարևորվում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը

Հուլիսի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը: Քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվեցին նախատեսվող աշխատանքները մինչև Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Իր ելույթում փոխնախարար Մնացականյանը կարևորեց Արևելյան գործընկերության դերը՝ նշելով, որ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում՝ համոզմունք հայտնելով, որ որոշ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, պարագայում համաձայնագրերը կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում: Փոխնախարարն ընդգծեց համաձայնագրերի հետագա իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և դրա համար անհրաժեշտ միջոցների հասանելիության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում ԵՄ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձավ Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախաստորագրման հեռանկարին, վիզաների դյուրացման, ԵՄ հետ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում գրանցված առաջընթացին: ԵՄ կողմից կարևորվեց «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը, ինչն ակնկալում է ավելի շատ միջոցների տրամադրում շատ բարեփոխումներ իրականացնող երկրներին: