21 փետրվարի 2006 - 15:17 AMT
Հայսատանի արդարադատության նախարարությունը մշակել է ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը
Հանրային քննարկմանն է ներկայացվում Հայաստանի արդարադատության նախարարությունում մշակված ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը: Նախագծում ներառված են մոտեցումներ, որոնք բխում են մեր իրականւթյունից, դատական համակարգի վերջին յոթ տարիների գործունեության վերլուծությունից, առաջադեմ դատաիրավական համակարգեր ունեցող երկրների հարուստ փորձի ուսումնասիրությունից: Այս փաստաթղթում ամփոփված են գաղափարներ, որոնք հիմք կհանդիսանան դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի օրենսդրական փաթեթի մշակման ժամանակ: Ներկայացված փաստաթուղթը այժմ ավելի շատ կրում է հայեցակարգային բնույթ. դրանում պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները, բացակայում են անցումային դրույթները, կան հակասություններ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, առաջնահերթ քայլերից համարելով Դատական օրենսգրքի հանրային քննարկման հարցը, օր առաջ է նախագիծը ներկայացնում Ձեր ուշադրությանը: Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` qnnarkum@justice.am էլեկտրոնային հասցեով:

Օրենքի նախագիծը ամբողջությամբ կարողեք կարդալ մեր կայքի Գրադարանում, կամ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էջում: