10-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացումը կայացավ

10-րդ «Ոսկե  ծիրանի» պաշտոնական բացումը կայացավ

PanARMENIAN.Net - 10-րդ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը բացվեց։ Բացումը կայացավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի ու գլխավոր հովանավոր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի թեթև ձեռքով։

Փառատոնին ներկա էին մի շարք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև բազմաթիվ մշակութային գործիչներ ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ:

10-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն է, ում անվանական աստղն արդեն բացված է իր իսկ անվան հրապարակում։ Միջոցառման ընթացքում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը շանսոնյեին հանձնեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Փառատոնին մասնակցելու է եկել նաև կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ով կստանա Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը։ Ի դեպ, փառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրում նախատեսվում է նշել ինչպես աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ու Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները, այնպես է լ Փելեշյանի 75-ամյակը:

Կինոփառատոնի բացման արարողությանը հաջորդեց ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությունը։ «Ոսկե ծիրան»-ը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: Այս տարի 96 երկրից ներկայացված 1200 հայտից փառատոնի ծրագրում ընդգրկվել է մոտ 200 ֆիլմ, որից 90-ը մրցութային ծրագրերում՝ Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և Կորիզ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---