
Եթե առաջիկա մեկ-երկու ամիսներին գազի և դիզվառելիքի թանկացման հետ կապված խնդիրները չլուծվեն, ապա հասարակական տրանսպորտը սպասարկող ընկերությունները գործադուլ կհայտարարեն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը և Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք չեն ուզում տրանսպորտի գինը բարձրացնել, և իրենք պարզապես կգնան լուծարման, եթե մեկ ամսում կառավարությունն ու տրանսպորտի նախարարությունը իրավիճակը չշտկեն: «Քննարկումներից հետո մենք, ամենայն հավանականությամբ, նաև գործադուլի մասին որոշում կկայացնենք»,- ասաց նա և նշեց, որ իրենց գլխավոր պահանջը հարկերի նվազեցումն է: Նա շեշտեց, որ գազի 30 տոկոսով թանկանալուց հետո, երթուղայինի սակագինը չի կարող 100 դրամ արժենալ:
Վարդան Փանոսյանն իր հերթին ասաց, որ վարորդներն օրական աշխատում են 14-15 ժամ, սակայան չեն պահանջում, որ տրանսպորտը թանկանա: «Առաջին հերթին նրանք պահանջում են վերանայել գործող հարկային քաղաքականությունը»,-ասաց նա: Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահը հայտնեց, որ փոխադրողների մեծ մասն այսօր վնասով է աշխատում ու իրավիճակը վաղ թե ուշ ստիպելու է, որ դրանք լուծարվեն:
Ըստ բանախոսների` Ճանապարհային ոստիկանությունն ու Տրանսպորտի և կապի նախարարությունը թեժացնում են իրավիճակը: Նրանք հայտնեցին, որ այս կառույցները նախատեսում են տեսչական այցեր կատարել և տուգանել, եթե երթուղայինը թույլատրված վայրում չի կայանվում, վարորդը ծխում է, բարձր երաժշտություն է միացնում: