22 փետրվարի 2006 - 14:42 AMT
Բաքուն մտադիր է բողոքարկել Նախիջեւանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւը
«Մենք մեր բողոքն ենք հայտնում Եվրախորհրդարանի որոշման դեմ Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ»,-հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Նրա խոսքերով, ԱՀ ԱԳՆ-ն եւ այլ պետական կառույցներ նույնպես մտադիր են իրենց վերաբերմունքը հայտնել Եվրախորհրդարանին այդ առիթով: «Ներկայումս արտգործնախարարությունը համապատասխան փաստաթուղթ է մշակում, որը բողոքարկում է Եվրախորհրդարանի այդ որոշումը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը դատապարտող բանաձեւ: Բանաձեւին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 85 պատգամավոր դեմ` 5-ը: Ելույթ ունեցողները շեշտեցին, որ անընդունելի է մշակութային համամարդկային նշանակություն ունեցող այդ հայկական խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից, ինչի համար էլ պետք է հստակ պատգամ ուղարկել Եվրամիության նոր հարեւանության ծրագրին մաս կազմող հանցագործ պետությանը` Ադրբեջանին: