9 հուլիսի 2013 - 15:40 AMT
Անահիտ Բախշյանն ահազանգում է ուսուցիչների անօրինական կրճատումների մասին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հերթական նամակն է հղել Երևանի քաղաքապետին, որով բարձրաձայնել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներում ուսուցիչների անօրինական կրճատումների մասին:

«Այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանային օրենսգիրքը: Նա խնդրել է կանխել այս ապօրինի գործունեությունը, քանի որ ուսուցչի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրն անժամկետ է, դպրոցի մեթոդ-միավորումները նախնական դասաբաշխում են անում նախքան ուսուցիչների արձակուրդ գնալը և այն ներկայացնում տնօրենին: Այնուհետև ուսուցիչը պետք է ծանուցվի հաջորդ ուստարում ունենալիք ժամերի մասին: Եթե իսկապես ժամերի նվազման պատճառով դպրոցում պետք է այս կամ այն առարկայի ուսուցիչ կրճատվի, ապա ուսուցչի համար հրապարակայնորեն պետք է հիմնավորվի, թե ինչու հենց տվյալ ուսուցիչը պետք է կրճատվի: Այս ամենի մասին ուսուցիչները պետք է իմանան նախքան արձակուրդ գնալն ու դրանից հետո տնօրենը կրճատման մասին պետք է ծանուցի տվյալ ուսուցչին»,- ասված է «Բարև Երևան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այս ահազանգի մասին նամակներ են ուղարկվել նաև ՀՀ ԿԳՆ կրթության և Աշխատանքի պետական տեսչությունների պետերին: