Սիրիան Հայաստանի հետ կքննարկի յուրաքանչյուր հետաքրքիր մշակութային նախագիծ

Սիրիան Հայաստանի հետ կքննարկի յուրաքանչյուր հետաքրքիր մշակութային նախագիծ

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Իսսամ Նայալին և շնորհավորել դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում Հ. Պողոսյանը տեղեկացրել է զրուցակցին, որ Սիրիայի հետ մշակութային համագործակցության հիմքը դրվել է դեռևս 1992 թ. «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրով:

Զրույցի ընթացքում կարևորվել է երկկողմ մշակութային համագործակցության բարձր մակարդակը. 2001-2010 թթ. կայացել է Հայաստանի և Սիրիայի մշակույթի նախարարների գլխավորած 7 պաշտոնական փոխայցելություն, 2004, 2008 և 2010 թթ. կայացել են հայ մշակույթի օրեր Սիրիայում, իսկ 2009 թ. Սիրիայի մշակույթի օրեր Հայաստանում:

Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների բացմանը, որի ընթացքում Հայաստան էր ժամանել անվանի գրող, թարգմանիչ Նիզան Խալիլը: Իսկ 2013 թ. փակման արարողությանը՝ Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնին իր մասնակցությունն է բերել մեծանուն գրող Ադոնիսը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք խոչընդոտում են երկկողմ մշակութային հարաբերությունների դինամիկ զարգացանը: Նախարար Հ. Պողոսյանը տեղակացրել է, որ նախարարությունը աշխատանք է տարել սիրիահայերին հայաստանյան մշակութային կյանքին ինտեգրելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ պատրաստ է քննարկելու հայ-սիրիական մշակութային հարաբերությունները խթանող յուրաքանչյուր հետաքրքիր նախագիծ: Հանդիպման վերջում Իսսամ Նայալին շնորհակալություն է հայտնել նախարար Պողոսյանին հայ-սիրիական մշակութային հարաբերությունների ընդլայնման, ակտիվացման և շարունակականության ապահովման համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---