Արցախում ավելանում են զբոսաշրջային երթուղիները

Արցախում ավելանում են զբոսաշրջային երթուղիները

PanARMENIAN.Net - 2009 թվականից Արցախում գործում է «Ճանաչիր քո երկիրը» զբոսաշրջային փաթեթը, որի շրջանակներում, ՀՀ և ԼՂՀ վարչապետների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ -ից Արցախ ժամանած զբոսաշրջիկներին հնարավորություն էր տրվում ավելի մատչելի գներով հանգստանալ։ karabakh-open.info-ն գրում է, որ զբոսաշրջային այս փաթեթը սակայն այսօր համարյա թե չի գործում, իսկ ավելի կոնկրետ այն գործում է միայն ՀՀ կառավարության աշխատողների և նրանց ընտանիքների համար։

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ենթակառուցվածքների և ծրագրերի կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարգսյանի հավաստմամբ՝ զեղչային փաթեթի գինը 5 օրվա համար /մեկ անձի համար/ կազմում է 75-95 հազար դրամ։ Փաթեթի գներիով համաձայնել են ծառայություններ մատուցել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի «Ծովին քար», «Էկլեկտիկա», Ստեփանակերտի «Երևան» և «Արմենիա» հյուրանոցները։

Տարեցտարի ավելանում են նաև զբոսաշրջային երթուղիները. դրանցից է «հարավային երթուղին», որն անցնում է Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների մի շարք բնակավայրերով և հասնում մինչև Քաշաթաղի շրջան։ Այս երթուղուց օգտվողները հնարավորություն ունեն տեսնելու արցախյան ֆոլկլորի մի մասը կազմող Պըլը Պուղու գերեզմանաքարը, Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի մոտակայքում գտնվող ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառը, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավը, Տողի Մելիքական ապարանքը և այլն։ Այս երթուղու վրա կառավարությունը դեռևս շարունակում է շինարարական և վերանորոգման աշխատանքներ իրականացնել. այժմ ընթացքի մեջ են Տնջրի ծառի շրջակայքի աշխատանքները։

Այս ամենից բացի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը նախատեսում է ստեղծել նաև «հյուսիսային երթուղին», որը Ստեփանակերտից կհասնի մինչև Քարվաճառ՝ ընդգրկելով նաև Գանձասարը, տեղեկացրել է Սերգեյ Սարգսյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---