11 հուլիսի 2013 - 12:44 AMT
ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը հաստատվել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովն ամփոփել է ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչությունների մասով ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումները:

Այնուհետև հանձնաժողովը քննարկել է ՆԱՏՕ-ի կառույցների կողմից պատրաստված «Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. գարնանային ամփոփում» զեկույցը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչությունների մասով ներկայացրել են զեկույցում մատնանշված առաջարկություններն ու կատարման ենթակա միջոցառումների ցանկը:

Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ նախանշված միջոցառումները հաջող ավարտական ընթացք կունենան հաշվետու ժամանակահատվածում, հետևաբար պետք է շարունակել այս ընթացքը` ակնկալելով դրական արդյունքներ:

ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի և քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։