24 փետրվարի 2006 - 13:48 AMT
Բասքըն Օրան. Հայոց ցեղասպանության հարցի վրա Թուրքիայում դրված տաբուն «փլուզվել է»
Բրիտանական BBC ռադիոկայանի թուրքերեն հաղորդումների բաժինը փետրվարի 21-ին քսան րոպե է հատկացրել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ մի բանավեճի, որին մասնակցել են Մեթե Թունջայը, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայում պաշտոնական տեսակետին հակադրվող քաղաքագետ Բասքըն Օրանը, բրիտանահայ պատմաբան Արա Սարաֆյանը եւ թուրքական պաշտոնական տեսակետի ջատագով, Թուրքիայի Պատմության ինստիտուտի նախագահ Յուսուֆ Հալաջօղլուն: Բասքըն Օրանը հաղորդման ընթացքում հայտարարել է, որ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության հարցի վրա Թուրքիայում դրված տաբուն «արդեն ամբողջությամբ փլուզվել է», որովհետեւ, ըստ նրա, Ստամբուլի Բիլգի համալսարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովը` անկախ այնտեղ հնչած կարծիքներից ու դրա հետ կապված դատական քաշքշուկներից, արդեն կայացել է: «Սա արդեն հեղաշրջում էր»,- հայտարարել է Օրանը: Մեթե Թունջայի կարծիքով, ցեղասպանության իրողությունը հաստատելու իրավունքը չի պատկանում օրենսդիր մարմիններին, որովհետեւ, ըստ նրա, դա պատմաբանների գործն է: «Միաժամանակ սխալ է միայն պատմաբաններին վստահել այդ գործը, որովհետեւ այդ հարցի ուսումնասիրման համար դեռեւս ենթահող չկա: Քաղաքականությունն է որ պետք է ստեղծի այդ հարմար ենթահողը»,- նշել է Թունջայը:

Յուսուֆ Հալաջօղլուն այնքան էլ վստահ չէ, որ հայկական հարցի վրա դրված տաբուն վերացել է Թուրքիայում: Հաղորդման ընթացքում Հալաջօղլուն չի արտահայտել իրեն բնորոշ անվերապահ ուրացողական տեսակետները եւ հայտարարել է, որ հակառակ այդ տաբուի գոյությանը` «մի շարք պատմաբաններ պնդում են, որ 1915 թ. տեղի ունեցածը ցեղասպանություն էր»: Արա Սարաֆյանը հայտնել է, որ նախկինում հնարավորություն է ունեցել աշխատելու թուրքական արխիվներում: Նա նշել է, որ չգիտե, թե այսօր ինչ վիճակում են գտնվում այդ արխիվները, սակայն համոզված է, որ արխիվների տրամադրման հարցում կան որոշ սահմանափակումներ: «Ամենից առաջ այնտեղ պակասում են իթթիհադականների արձանագրությունների արխիվները, որոնք ցայսօր չեն բացահայտվել»,- ընդգծել է Սարաֆյանը: Պատմաբանը միաժամանակ կարեւորել է թուրքական արխիվների նշանակությունը` անկախ դրանց նկատմամբ իրականացված գրաքննությունից ու դրանց «մաղված լինելու» հանգամանքից: