11 հուլիսի 2013 - 18:19 AMT
Տարածաշրջանային անվտանգություն և սպառազինությունների մրցավազք. Ադրբեջանն իր վերջին պատերազմին է պատրաստվում

Այժմ տարածաշրջանը վտանգվոր փուլում է և Ադրբեջանի կողմից սպառնալիքները գնալով շատանում են: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրագոսյանը ԼՂ խնդրի մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանկ ընդգծեց, որ Ադրբեջանի սպառնալիքներին զուգահեռ Ռուսաստանը նրան զենք է վաճառում, ինչը սպառնում է տարածաշրջանի կայունությանը և թուլացնում է անվտանգությունը:

Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանն այս առումով շատ ավելի ճիշտ է վարվում, քանի որ շեշտը դնում է ոչ թե քանակի, այլ որակի վրա միևնույն ժամանակ նա նկատեց, որ մեր երկիրը տարածաշրջանում դիտվում է որպես խաղաղության երաշխավոր և ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների որևէ մեկին պատերազմով չի սպառնում: «Մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմի փուլում, որը բավականին թեժ է: Ադրբեջանը պատերազմ է պահանջում և անընդհատ բարձրացնում է պատահական պատերազմի հնարավորությունը: ՀՀ-ն էլ ստիպված է համընթաց քայլել Ադրբեջանի սպառազինության մրցավազքին», - նկատեց Կիրակոսյանը:

Հայաստանի եվրոպացի բարեկամների գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը ավելացրեց, որ Ադրբեջանը կարիք ունի հայելու մեջ նայելու. « Եթե դու մասնակցում ես որևէ բանակցային գործընթացի, ապա չես կարող պատերազմով սպառնալ, մինչդեռ Ադրբեջանը և սպառնում է և շարունակում բանակցել»:

Նա շեշտեց, որ եթե 5 տարի առաջ Ադրբեջանը կարող էր խաբել հանրությանը, ապա Սաֆարովի դեպքից հետո, որևէ բան թաքցնել հնարավոր չէ:

Անդրադառնալով սպառազինության էմբարգոյի կիրառմանը` Քամբեքը նշեց, որ միջազգային կառույցները դա կանխելու մեխանիզմներ ունեն և հստակ է, որ կոնֆլիկտային տարածաշրջանում նման քանակով զենք վաճառելն անթույլատրելի է: Սակայն այդ կառույցներն այսօր ուշադրությունն այլ բաների վրա են սևեռում և կարևոր խնդիրներն իրենց տեսադաշտից բաց են թողնում:

Ռիչարդ Կիրակոսյանն ասվածին ավելացրեց, որ Հայաստանը պետք է ուժեղացնի իր ազգային անվտանգությունը. «Եթե ՀՀ-ն հաջորդ պատերազմին է պատրաստվում, ապա Ադրբեջանը, կարծես, իր վերջին պատերազմին է պատրաստվում, որը ևս պարտվելու է»: