Սերժ Սարգսյան. Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը

Սերժ Սարգսյան. Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Քիշնևում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից:

Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, գործընկերության նախաձեռնությանն անդամագրվելով՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, երկրում իրականացվող բարեփոխումներին: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախագահը խոսել է նաև էներգետիկ համագործակցությունը էներգետիկ թելադրանքի վերածելու՝ ադրբեջանական քաղաքականության անթույլատրելիության մասին, երբ պարտադրում են լռել ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների խախտումների բացահայտ դեպքերի ժամանակ անգամ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ապօրինի շրջափակման հարցին՝ շեշտելով, որ փակ սահմաններն իրենց բնույթով հակասում են Եվրոպական միության էությանն ու արժեհամակարգի առանցքին:

Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաև համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է քննարկումների արդյունքներին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: Նախագահը գագաթնաժողովի քննարկումները համարել է օգտակար և կառուցողական: Նա ընդգծել է, որ վստահ է՝ գագաթնաժողովն իր դրական ներդրումն ունեցավ ինչպես ԵԺԿ, այնպես էլ Արևելյան գործընկերության նպատակների իրականացման ճանապարհին: «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մոլդովական կողմին՝ այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար: Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք Երևանում հյուրընկալեցինք համանման միջոցառում և շնորհակալ ենք պարոն Մարտենսին, ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթնաժողովների ավանդույթը և ձևաչափը ձևավորելու համար:

Գործընկեր պետությունների եվրամերձեցման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ գործակցությունն է, քաղաքական մշակույթի և ի վերջո՝ արժեհամակարգի մերձեցումը: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կարևոր դերակատարում ունի եվրոպական ինքնության տարածման, գործընկեր պետությունների հետ համագործակցության խորացման գործում:

Այսօր մենք քննարկեցինք Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Մեզ համար սրանք շատ շոշափելի, կոնկրետ հարցեր են: Արդյունավետ աշխատելու համար Արևելյան գործընկերությունը պետք է հասկանալի և հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք` ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպես է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա: Լինի դա տնտեսության առաջընթաց, անվտանգության խնդիր, քաղաքական կայունության և ամրապնդված ժողովրդավարության տեսքով՝ մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե ինչ իրենք ստացան այս գործընթացից:

Արևելյան գործընկերության գոյության ավելի քան չորս տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը ցույց է տալիս, որ այն իր մեջ պարունակում է մեծ ներուժ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության խորացման հարցերում: Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առևտուրը չի կարող լինել արդյունավետ»,-համատեղ մամուլի ասուլիսում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---