24 փետրվարի 2006 - 14:28 AMT
Բաքուն հուսով է, որ դատավճռի կայացումից հետո Ռ.Սաֆարովը էքստրադիցիայի կենթարկվի եւ կտեղափոխվի Ադրբեջան
«Ադրբեջանի արդարադատության նախարարությունը կարող է դիմել Հունգարիային Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցով միայն դատավճռի կայացումից հետո»: Նման հայտարարությամբ Ադրբեջանի արդարադատության նախարարության վարչությունների կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ հանդես է եկել միջազգային հարաբերությունների գծով վարչության պետ Զավար Գարալովը: նա նաեւ ասել է, որ Ադրբեջանն ու Հունգարիան միացել են Կալանավորների փոխանակաման վերաբերյալ եվրոպական կոնվենցիային: «Կոնվենացիայով նախատեսվում է կալանավորների փոխանակում: Սակայն ներկայումս Ռ.Սաֆարովի գործով դատավարությունը շարունակվում է: Բանակցությունները Հունգարիայի հետ կսկսվեն միայն դատավճռի հրապարակումից հետո», հաղորդում է Day.az-ը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: