Այս տարի հայկական ծիրանն արտահանվել է Ռուսաստանից մինչև Զիմբաբվե

Այս տարի հայկական ծիրանն արտահանվել է Ռուսաստանից մինչև Զիմբաբվե

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանից արտահանվել է արդեն 32 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, այն դեպքում, երբ ողջ 2012-ին այդ թիվը եղել է 31 հազար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Նշեմ, որ այս տարի մեր երկրից արտահանվել է 18.200 տոննա, իսկ մթերվել է 10.108 տոննա ծիրան: Մթերման աշխատանքները դեռ չեն ավարտվել, քանի որ բերքահավաքը շարունակվում է Արմավիրի և Արագածոտնի մարզերում»,- ասաց փոխնախարարը: Ըստ Մակարյանի, 15 ընկերություններ գնում են գյուղացիների բերքը 40-50 դրամով: Սա կարկտահարված բերքի գինն է. «Իսկ ծիրանի արտահանման մինիմալ գինը կազմում է 200-250 դրամ, հաճախ այդ գինը հասնում է նաև 600-700 դրամի»: Այս տարի ծիրան այլևս չի ընդունի միայն «Նոյյան» ընկերությունը, քանի որ այն արդեն շուրջ 3500 տոննա գնել է ու այլևս բերքը պահելու հնարավորություն չունի: Սակայն գյուղացիները կարող են իրենց բերքը մթերել մյուս ընկերություններին: Նա նաև նշեց, որ գյուղացիների վճարումները կատարվում են տեղում բանկային չեկերի միջոցով: Կան նաև կազմակերպություններ, որոնք պայմանագիր են կնքում և գումարը վճարում են մի քանի օրից:

«Այս տարվա ծիրանի արտահանումը եղել է Ռուսաստան (26.800 տոննա), Վրաստան (3800 տոննա): Շատ քիչ քանակությամբ արտահանում ունեցել ենք նաև դեպի Նիդերլանդներ, Նորվեգիա ու Զիմբաբվե»,- հավելեց Մակարյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե Վրաստանի հետ սահմանակետում ծիրան արտահանելու համար գումար է պահանջվում. «Նման բան չկա: Վրաստան արտահանվում է ծիրան և ոչ- ոք չի խոչընդոտում այդ գործընթացին»: Նա նաև ընդգծեց, որ իրենք պատրաստվում են արդեն դեղձի մթերմանը, իսկ հանրապետությունում սպասվում է նաև դեղձի առատ բերք:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---