Մեկնարկել է Հայաստան-Վրաստան անցումային կետերի արդիականացման ծրագիրը

Մեկնարկել է Հայաստան-Վրաստան անցումային կետերի արդիականացման  ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի կողմից հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման խնդիրը դեռևս մի քանի տարի առաջ է դրվել պատասխանատու կառույցների առջև:

Այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացում» ծրագրի աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Ծրագրի խորհրդի` օրերս կայացած հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ անցումային կետերի արդիականացման ծրագիրը մտել է վճռորոշ փուլ. հստակեցվել են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը, ծրագրի բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների:

Հայ-վրացական սահմանի մաքսային սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հուլիսի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեի գլխավորած պատվիրակությունը:

ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը, ինչպես նաև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրին առնչվող հարցեր:

ՊԵԿ նախագահն առաջարկել է համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով մաքսային հայտարարագրերը փոխանակել էլեկտրոնային եղանակով, իսկ մաքսանենգության դեմ պայքարը հայ-վրացական սահմանին արդյունավետ դարձնելու նպատակով երկու գերատեսչությունների միջև ակտիվացնել հարցումների փոխանակումը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---