15 հուլիսի 2013 - 10:48 AMT
Արցախում ամառային գիտական դպրոց-սեմինար կանցկացվի

Հուլիսի 14-21-ը հայ լեգենդար գիտնական և կոնստրուկտոր ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հայրենիքում՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում կանցկացվի «Բարդ ֆիզիկական և կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ» ամառային գիտական դպրոց - սեմինար: Ծրագրի կազմակերպիչներն են Երևանի Պետական Համալսարանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Արցախի Պետական Համալսարանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայկական Ծրագրեր (Armsoft) կազմակերպությունը, Ծմակահողի համայնքի ավագանին:

Ծրագրի նպատակն է՝ ծանոթացնել երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին և բարձր կուրսի ուսանողներին ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև ստեղծել եռակողմ՝ Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ գիտահետազոտական հարաբերություններ, որոնք կնպաստեն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում:

ԼՂՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի համանախագահներն են ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Համալիր համակարգերի տեսության լաբորատորիայի վարիչ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Ա. Ավետիսովը և ԵՊՀ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս. Ա. Նիգիյանը: