
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ խումբ է գործուղել Կիպրոս՝ «օֆշորային սկանդալի» և այդ գործում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներգրավածությունն ուսումնասիրելու և պարզված տեղեկատվությունը հանրապետության նախագահին փոխանցելու համար: ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրը և հավաստիացրեց, որ ԱԱԾ-ից որևէ մեկը Կիպրոս չի գործուղվել.«Այդ ամենը սուտ է, նման բան չկա»,-ասաց ԱԱԾ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ «օֆշորային սկանդալի» հետ է կապվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Ըստ այդ տեղեկությունների` Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետը, Նավասարդ արք. Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը: Արքեպիսկոպոսն ու վարչապետը հերքում են այս մասին տեղեկությունները, ավելին, վարչապետը դիմել է դատախազություն` իրականությունը պարզելու համար: