28 փետրվարի 2006 - 17:56 AMT
Էնթոնի Ուայներ. Ոչ ոք իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ցույց տալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կոնգրեսական Էնթոնի Ուայները միացել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի ակտիվիստների` PBS հեռուստացանցի WNET մասնաճյուղի գրասենյակի մոտ կայացած հավաքին եւ կոչ է արել չհեռարձակել Հայոց ցեղասպանությունը ժխտողների մասնակցությամբ հաղորդումը: Փետրվարին PBS հեռուստակայանը հայտարարեց, որ ապրիլի 17-ին նախատեսում է հեռարձակել Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» վավերագրական կինոնկարը, որին հետեւելու է ֆիլմի քննարկումը` Ցեղասպանությունը ժխտող Ջասթին Մաքքարթիի եւ Օմեր Թուրանի մասնակցությամբ: PBS-ի տեղական մասնաճյուղերն իրենց հայեցողությամբ իրավունք ունեն հեռարձակել հաղորդումներից մեկը կամ երկուսն էլ. WNET կայանը հայտնել է, որ հեռարձակելու է թե՛ ֆիլմը եւ թե՛ դրա քննարկումը: Կոնգրեսական Ուայները դատապարտել է այդ որոշումը` ասելով, թե Հայոց ցեղասպանությունը պատմության հարց է եւ ոչ ոք իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ցույց տալ 1,5 միլիոն զոհերին: