17 հուլիսի 2013 - 19:01 AMT
ՌԴ դեսպանություն. Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այսօր հաղորդակցություն է տարածել, որտեղ ափսոսանք է հայտնել Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած պատահարի մասին, որի հետևանաքով 18 մարդ է մահացել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ անձիք այս դեպքը օգտագործվում են հակառուսական տրամադրություն հրահրելու համար:

Գրված է նաև, որ բոլորովին անտեղի է համարվում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն և երկու երկրների հարաբերությունների խաթարմանը:

«Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են: Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի, այն կքննվի համակողմանիորեն, մանրամասն, անկողմնակալ և առանց էմոցիաների», - գրված է դեսպանության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին։ Տեսագրության մեջ հստակ երևում է, որ բեռնատարի վարորդը ցանկացել է խուսափել բախումից և կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն բախվել է տրանսպորտային միջոցին և երկու մասի բաժանել այն։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ վարորդը ռուսական վարորդական իրավունք չի ունեցել, իսկ բեռնատարը դեռևս գարնանը հանված է եղել հաշվառումից։ Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի խալաթով:

Հարությունյանը չի ընդունում իր մեղքը` հայտարարելով, որ մեքենայի արգելակները չեն գործել: Նա կալանավորված է: