17 հուլիսի 2013 - 18:58 AMT
«Շիրակը» ՉԼ որակավորման 2-րդ փուլում 1:1 խաղաց «Պարտիզանի» հետ

Հուլիսի 17-ին Գյումրիի քաղաքային ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Շիրակը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալեց Բելգրադի «Պարտիզանին»:

Հանդիպման մեկնարկում ավելի վստահ էին գործում Վարդան Բիչախչյանի սաները, որոնք առիթը բաց չէին թողնում գրոհելու: Առաջին կեսում հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ Դամեն Դիոպը, նրա հարվածից հետո վստահ գործեց դարպասապահը, իսկ այնուհետև իր թիմին փրկեց պաշտպանը:

Ընդմիջումից հետո`48-րդ րոպեին, «Պարտիզանի» դարպասը հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց Դավիթ Հակոբյանը` 1:0:

Շիրակցիները գոլից հետո էլ շարունակեցին պաշարել մրցակցի դարպասը, սակայն գոլ խփել չէր հաջողվում:

Հյուրերը խաղավարտին ակտիվացան ու մի քանի գրոհներ անցկացրին: Մի դրվագում հուսալի գործեց դարպասապահ Արթուր Հարությունյանը, սակայն ավելացված ժամանակում «Պարտիզանին» մեկ միավոր բերեց Վլադիմիր Վոլկովը` 1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 24-ին:

Որակավորվան առաջին փուլում Գյումրիի թիմը երկու խաղերի արդյունքում 3:1 հաշվով առավելության էր հասել Սան-Մարինոյի «Տրե Պեննե» ակումբի նկատմամբ: