1 մարտի 2006 - 14:23 AMT
Մ.Շահգելդյան. IPAP-ը տարբեր ոլորտներում համագործակցության ռազմավարական ծրագիր է
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները չափազանց կարեւոր են եւ IPAP ծրագիրը կարեւոր ռազմավարական ծրագիր է, որը ներառում է համագործակցություն քաղաքականության, տնտեսության, քաղաքացիական եւ նույնիսկ բնապահպանական ոլորտներում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքերով, այսօր Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Անվտանգության տնտեսական հարցերը, պաշտպանության ոլորտի կառավարման բարելավում» խորագրով սեմինարը նախատեսում է, որ խորհրդարանը եւս պետք է ներգրավվի ռազմական բյուջեի եւ ֆինանսավորման պլանավորմանն ու մշակմանը: Շահգելդյանը ձեռնպահ մնաց IPAP-ին Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը մեկնաբանելուց: «Հարավային Կովկասի երեք երկրները ներկայացրել են իրենց հայտերը եւ դա ոչ ոքի չպետք է մտահոգի: Ես հեռու եմ այն մտքից, թե պետք է գուշակեմ ում կնախընտրի ՆԱՏՕ-ն: Բոլոր երեք երկրները գործակցելու են անհատական ծրագրերով: Վրաստանն արդեն անցել է դիտարկումը եւ այնտեղ մեկնարկել է երկրորդ փուլը: Հերթը Հայաստանինն է: Պետք չէ մոռանալ, որ ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հարաբերությունների նպատակներն ու բնույթը տարբեր են»,-ասել է Շահգելդյանը: