18 հուլիսի 2013 - 14:06 AMT
Հայաստանի ջերմոցային տնտեսությունները սկսել են հետաքրքրել ներդրողներին

Կառավարության որոշմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Կագա գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երկարաձգվեց մինչև երեք տարի ժամկետով:

Վարչապետի խոսքով՝ ընկերության ներդրումների շնորհիվ կստեղծվի 60 աշխատատեղ: Ընկերությունը զբաղվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմամբ: Վարչապետը հավելեց՝ փորձը ցույց է տվել, որ ջերմոցային տնտեսությունը շահութաբեր բիզնես է, և բավականին հետաքրքիր է դարձել ներդրումների համար:

ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 3 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.25 մլրդ ՀՀ դրամի չափով:

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել հոլանդական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 0.84 մլրդ դրամի արտադրանք (2014թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ և Վրաստան: