
Ահա և եկավ այն օրը, որ բոլորս հանկարծակիի եկանք… 150 դրա՞մ: Այսքան վճարելու ենք, որպեսզի մի կերպ խցկվենք երևանյան «տրանսպորտ» ու հասնենք աշխատանքի:
Բայց մի պահ հետ նայենք: Բոլորս էլ գիտեինք, որ մինչև սեպտեմբեր տրանսպորտը հաստատ թանկանալու է, չէ՞ որ գազն ու լույսն արդեն էլ հին գնին չեն:
Սակայն ոչ մեկս ոչինչ չձեռնարկեցինք: ՀԱՅ ազգը միշտ զարմացնում է: Բոլորը «նստած» Ֆեյսբուքում այս ու այն նյութի տակ կարծիք են գրում, բողոքում, հայհոյում ու ամենավատ բառերն ասում բոլոր այն «պետական այրերին», ովքեր այդ թանկացումների հեղինակն են:
Բայց երբ գալիս է գործելու պահը, ոչ ոք նեղություն չի կրում տեղից շարժվել: Երբ պարզվեց, որ գազը թանկանում է, կառավարության շենքի մոտ կազմակերպվեց բողոքի ակցիա: Մեր խմբագրության մի քանի լրագրողներով մասնակցեցինք դրան, բայց որքան մեծ էր մեր զարմանքը, երբ տեսանք, որ այնտեղ հավաքվել է մի քանի տասնյակ մարդ, որոնց կեսից ավելին լրագրող էր: Մինչդեռ նույն Ֆեյսբուքում այդ միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնողների թիվն անհամեմատ շատ էր:
Ահա այսպիսին ենք մենք, միայն խոսող ու ոչնչի դեմ չընդդիմացող, մեր իրավունքները չպաշտպանող ու մի տեսակ «խեղճ»: Հիմա զայրացած ենք տրանսպորտի թանկացման վրա, բայց կրկին՝ սոցցանցերում ու ընկերական շրջապատում: Իսկ հետո, ի՞նչ է լինելու հուլիսի 20-ի առավոտյան: Ոչինչ՝ նորից կնստենք (կներեք, կկանգնենք) երթուղային կոչվածում, կվճարենք 150 դրամ ու կգանք աշխատանքի:
Օրեր առաջ, երբ Բրազիլիայում տրանսպորտի գնի բարձրացումը փողոց էր դուրս բերել հազարավոր մարդկանց, մենք այստեղ նստած ինտերնետով հետևում էինք ցույցին ու մի պահ մտածեցինք՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք հայտնվեինք այդ իրավիճակում: Հարցն այսօր մի քանի պաշտոնյաների թեթև ձեռքով դարձավ օրվա հարց: Ի՞նչ ենք պատրաստվում անել:
Երբ տարիներ առաջ բարձրացրին մետրոյի սակագինը, մեզնից շատերը որպես բոյկոտի եղանակ հրաժարվեցին երթևեկել մետրոյով, սա մի տեսակ «հովացրեց մեզ», իբր թե մենք էլ մեր ասելիքն ենք ասում ու չենք օգտվի ձեր առաջարկից, բայց այսօր մետրոն բոյկոտողներից շատերը դարձյալ հետ կվերադառնան ու կերթևեկեն այդ փոխադրամիջոցով, որովհետև այլ ելք չկա, որովհետև այդ 50 դրամը շատերի համար, իսկապես, որոշիչ գումար է:
Այս 50 դրամը կոնկրետ մեզ համար մի հարց է որոշում՝ արժանապատվության: Որպես քաղաքացի, մենք չենք կարող անգամ մեր բոյկոտը մինչև վերջ տանել, կվերադառնանք մետրո՝ ընդունելով, որ «ամեն ինչ քո ձեռքում է» ասվածն ամեն տեղ կարող է լինել, բացի մեր քաղաքից ու մեր երկրից, որովհետև մենք բրազիլացի չենք:
Մենք հանդուրժող ենք, իսկապես, շատ հանդուրժող. գուցե, նաև դա է պատճառը, որ մեր կառավարությունն ամեն տեսակ «օյիններ» է բերում մեր գլխին: Միևնույն է՝ մենք ոչնչից չենք բողոքում, հենց դրա վրա էլ նրանք շեշտը դնում են՝ հայտարարելով, թե թանկացումները «ժողովրդի օգտին են» կամ էլ «թե միևնույն է վճարելու են»:
Ի վերջո բոլորն էլ կհամաձայնեն տրանսպորտի համար վճարել 150 դրամ, վճարել նաև լույսի, գազի ու մյուս ապրանքների չհիմնավորված թանկացումների համար, եթե աշխատավարձն էլ հասնի «աստղաբաշխական» թվերի, ինչպես որ վերջին ժամանակներս մեր երկրում գներն են: