
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։
«Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Նախարարության իրավասության տակ է գտնվում միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ։
Այս բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։ Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայտնել է, որ Երևանում երթուղային տաքսիների փոխադրավարձը հուլիսի 20-ից կբարձրանա, և նախկին 100 դրամի փոխարեն քաղաքացիները պետք է վճարեն 150 դրամ։