1 մարտի 2006 - 16:20 AMT
Հեյքի Տալվիտիեն համաձայն չէ՞ հայկական խաչքարերի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանազեւի հետ
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Հեյքի Տալվիտիեն «բողոք է հայտնել Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավորին, որը Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձեւի նախաձեռնողներից էր». բանաձեւը դատապարտում է Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը: ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամեդովի խոսքերով, լսումների ժամանակ Եվրոպական Խորհրդի խորհրդարանակն վեհաժողովի (ԵԽԽՎ) Կովկասյան տարածաշրջանի զեկուցողը «առաջին պլան մղելով Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրավման փաստը, նշել է, որ ԵԽԽՎ պատմության մեջ այդպիսի դեպքերը շատ հազվադեպ են տեղի ունենում: Հարավային Կովկասում ԵՄ նախկին ներկայացուցիչ Հեյքե Տալվիտիեն, բողոք հայտնելով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի նախաձեռնողներից բրիտանացի պատգամավոր Չայ Սթանոքին, նշել է, որ Ադրբեջանում հնուց գտնվել է Կովկասյան Ալբանիայի մշակույթը, հայկական եւ վրացական եկեղեցիների կողքին կանգնած է ալբանական եկեղեցին, եւ ընդգծել է, որ այդ տարածաշրջանում գոյություն ունեն բազմաթիվ ալբանական հուշարձաններ»:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշել է, որ հարկավոր չէ լիովին հավատալ ադրբեջանկան ԶԼՄ-ներին: «Գուցե Հեյքե Տալվիտիեն ինչ-որ բան ասել է հայկական հուշարձանների ավերման վերաբերյալ, բայց ոչ այդքան կտրուկ: Դիվանագետները սովորաբար այդպիսի հայտարարություններ չեն անում»,- նշել է Գրիգորյանը:

Իր հերթին միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը այդպիսի տեղեկատվությունը գնահատել է որպես «կեղծիք»: «Արտասահմանում Ադրբեջանի ներկայացուցիչները շատ են ցանկանում, որ նրանց մասին խոսեն որպես իսկական հայրենասերների, որոնք պաշտպանում են իրենց հայրենիքի շահերը: Սակայն չի հաջողվում, քանի որ դեզինֆորմացիան պաշտոնական քաղաքականության հիմքն է»,- հայտարարել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին: