1 մարտի 2006 - 18:02 AMT
Կոնգրեսական Փալոնը դատապարտել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, փետրվարի 28-ին ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, կոչ է արել ամերիկյան կառավարությանը «հասկացնել, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու էթնիկ ցեղասպանությունները, անօրինական շրջափակումները եւ հայ ժողովրդի մշտական հետապնդումները», հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոնին, որն իր գործընկերներին հիշեցրեց Սումգայիթի ջարդերի մասին եւ բացատրեց, թե ինչպես այդ ջարդերը ծնունդ տվեցին հայերի դեմ մինչ օրս իրականացվող ադրբեջանական եւ թուրքական ագրեսիային»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Անդրադառնալով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի կազմակերպած ցույցերին, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում եւ ամբողջ աշխարհում` կոնգրեսական Փալոնը ասել է. «Այսօր շատ հայեր նշեցին Սումգայիթի ջարդերի տարեդարձը Վաշինգտոնում` Թուրքիայի դեսպանատնից երթ կազմակերպելով դեպի Ադրբեջանի դեսպանատուն` բարձրացնելու համար հայերի դեմ ընթացող թուրքական եւ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հարցը»: Կոնգրեսականը նշեց նաեւ, որ Ադրբեջանը «հայերի պատմական հուշարձանները վերացնելու կազմակերպված ջանքեր է կիրառում»` հատկապես նշելով, որ նկարահանվել է Նախիջեւանի Ջուղա քաղաքի հազարամյա գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը: