
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում նշված է, որ 2006 թվականից մինչև հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել:
Հուլիսի 12-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում Գասպարյանը մատնացույց էր արել Սասունցի Դավիթ փողոցում ապօրինաբար կառուցվող գազալցակայանը: Նամակում մասնավորապես ասվում է. «Ի գիտություն Ձեզ հայտնում եմ, որ այս պահին՝ սկսած 07.05.2013թ-ից, Երևանի Սասունցի Դավիթ փողոցի վերջնամասում, «Էրեբունի» վարչական շենքի անմիջապես դիմացի մայթին իրականացվում է ապօրինի՝ համաձայն Ձեր տրամադրած տեղեկատվության, առհելի գազալցակայանի կառուցում:
Անհայտ է դրա կառուցապատողը, քանի որ բացակայում է օբյեկտի վերաբերյալ տեղեկատվություն հայտնող վահանակը:Երևանի գլխավոր հատակագծում ևս շինությունը բացակայում է»:
Այս նամակին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը հայտնել է. «.Ձեր կողմից մատնանշված հատվածին՝ ներկայումս որևէ կառուցապատման գործընթաց տեղի չի ունենում»:
«Բարև Երևան» ներկայացրել է լուսանկարներ, որոնք հաստատում են՝ վերոնշյալ հասցեում արդեն ավարտին հասցված կառույցի առկայությունը: