Նավասարդ Կճոյան․ Տեր Հակոբը տեղափոխվել է Սբ․ Երրորդություն, քանի որ «Արարատ» հոգևոր միությունը պատկանում է Սբ Սարգիս եկեղեցուն

Նավասարդ Կճոյան․ Տեր Հակոբը տեղափոխվել է Սբ․ Երրորդություն, քանի որ «Արարատ» հոգևոր  միությունը պատկանում է Սբ Սարգիս եկեղեցուն

PanARMENIAN.Net - Այսօր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպել է Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության մի խումբ անդամներին: Սրբազանը բացատրել է, որ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի և այլևս «Արարատ» հոգևոր միության ղեկավարը չէ, քանի որ այդ միությունը պատկանում է Սուրբ Սարգիս եկեղեցու համայնքին և ենթակա է այդ համայնքի ծխական խորհրդին, տեղեկացնում են Արարատյան Հայրապետական Թեմի Մամլո դիվանից: Տեր Հակոբը իր գործունեությունը շարունակելու է՝ համակարգելով ամբողջ թեմի երիտասարդաց միություների աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը:

Տեր Հակոբին վերադարձնելու՝ միության անդամների խնդրանքին Սրբազան Հայրը պատասխանել է, ասելով՝ եթե մինչև հիմա նրանք տեր Հակոբի գլխավորությամբ միայն «Արարատ» միության աշխատանքներով են զբաղվել, ապա հիմա իրենց աշխատանքի ծավալը միայն մեծանում է, քանի որ տեր հայրն այժմ ավելի շատ ժամանակ կունենա ամբողջ թեմի երիտասարդական կառույցի աշխատանքները կազմակերպելու համար: Այդ աշխատանքների համար Սուրբ Երրորդություն եկեղեցում պայմաններն անհամեմատ ավելի լավն են, աշխատանքային սրահն՝ ավելի մեծ, քան «Արարատ» միության այժմյան սենյակներն են:

Թեմական երիտասարդական կառույցը, որը ստեղծվել է Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հատուկ հանձնարարությամբ, ի սկզբանե ղեկավարել է տեր Հակոբը: Նավասարդ սրբազանն ասել է, որ տարիներ շարունակ հետևում է նրա աշխատանքին: Սրբազանը վստահ է, որ «Արարատ» հոգևոր միության անդամներն էլ լավագույնս կարող են ներգրավվել ողջ թեմի երիտասարդական կառույցի աշխատանքներում՝ ընդլայնելով իրենց գործունեությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---