20 հուլիսի 2013 - 16:16 AMT
«Ուսանողներին սպասարկել հարյուր դրամով» նախաձեռնությունը երկուշաբթի կդիմի քաղաքապետին

«Ուսանողներին սպասարկել հարյուր դրամով» նախաձեռնությունը, որի կազմակերպիչներն են ԵՊՀ-ում գործող «Երիտասարդ համալսարանականներ միավորում» ՀԿ-ի անդամները, երկուշաբթի բողոք-առաջարկով կդիմեն քաղաքապետին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ փոխնախագահ Զոհրապ Հովհաննիսյանը:

Նախաձեռնությունն առաջարկում է ուսանողների համար պահպանել ուղեվարձի նախկին սակագինը:

«Ուսման վարձերը բուհերում բարձրացան, սրան գումարած նաև տրանսպորտի թանկացումը: ԵՊՀ ուսանողների 44 տոկոսը մարզերից է և նրանց համար սարսափելի է այս թանկացումը: Թեև շատ ուսանողներ հիմա Երևանում չեն, բայց արդեն կան մարդիկ, ովքեր միացել են մեզ»,- ասաց նա:

Սլավոնական համալսարանի ուսանողության գծով ռեկտորիխորհրդական Հռիփսիմե Մարգարյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, ասաց, որ իրենց բուհը կմիանա ցանկացած նախաձեռնության, որը կօգնի ուսանողներին:

Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ է մտել որոշումն, ըստ որի՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացավ 50 դրամով:Առավոտից մայրաքաղաքի տարբեր հատածներում բողոքի ակցիաներ են, շատերը հրաժարվում են վճարել նոր սակագինը: