
«Նոր Հառաջ» պարբերականը գրում է, որ հինգշաբթի անհայտ հասցեից էլեկտրոնային նամակ է ստացվել՝ «Հայ ժողովրդի հավատացյալ ծառա» ստորագրությամբ, որին կցված է եղել երեք նամակների պատճեններ, առաջինը՝ թվագրված հուլիսի 3-ին, Ամենայն հայոց կաթողիկոսի նամակը՝ ի պատասխան Նորվան Արք. Զաքարյանի հրաժարականի ։ Երկրորդը՝ Ֆրանսիայի Թեմական խորհրդի և Պատգամավորական խորհրդի ատենապետներինը՝ ուղղված Կաթողիկոսին, և վերջինիս պատասխանը նրանց։
Պարբերականը ներկայացրել է Ամենայն հայոց կաթողիկոսի պատասխանը՝ ուղղված Սրբազանին, որտեղ մասնավորապես ասված է.
«Գերաշնորհ Սրբազան,
Ստացել ենք Ձեր գրությունը, որում ներկայացնում էք Տ. Վաչե Քահանայի առընչությամբ Ձեզ հետ ունեցած Մեր զրույցի վերաբերեալ Ձեր թյուր տպավորություններն ու գնահատականները նաև օդանավակայանում տեղի ունեցածի առնչությամբ: Ափսոսում ենք, որ այդ դեպքի սխալ տպավորությունների ազդեցութեան ներքո Դուք թույլ էք տալիս նույնքան և ավելի սխալ եզրայանգումներ և ընդհանրացումներ:
Այս տարիների ընթացքումն Մեր կողմից Ձեզ կատարված թելադրությունները միտված են եղել, որ Դուք գտնվեք առաջնորդական Ձեր պարտականությունների կատարման բարձրության վրա և Ձեր առաքելության մեջ որոշումների կայացման պատասխանատվությունը ստանձնեք ինքներդ՝ առանց մեր անունը անհարկի առընչելու խնդիրներին և առանց հապաղելու խնդիրների լուծման գործում, որոնք ձգձգելով՝ բարդություններ են առաջացնում թեմական կյանքում: Ցավում ենք, որ մեր հորդորները, պահանջները և ի հարկին տնօրինումները Դուք ընկալել եք իբրև վիրավորանք՝ ուղղուած Ձեր անձին, ինչպես պարագան է նաև Տէր Վաչե քահանայի հետ առընչված հարցի:
Տարօրինակ ենք համարում մեր անձին ուղղված Ձեր վերագրումները և Մայրավանքի մթնոլորտի վերաբերյալ Ձեր դատումները: Դուք Գերագոյն Հոգևոր Խորհրդի անդամ եք և Ձեր նվիրական պարտքն է նման համոզումների պարագայում դրանք հիմնավորումներով ու փաստերով ներկայացնելու այդ ատյանում»:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսայի թեմի առաջնորդը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ տարաձայություններ կան: