2 մարտի 2006 - 19:00 AMT
Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Ադրբեջանի վերջին հայտարարություններով
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի Վիեննայում կայացած նիստում, որտեղ մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմի հայտարարությունների կապակցությամբ, որոնք չեն նպաստում ղարաբաղյան հակամարտության շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա բանակցությունները տեղից շարժելուն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Ադրբեջանի համար ավելի բարենպաստ ժամանակների սպասելու եւ նույնիսկ հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ այդ հայտարարությունները հակասում են Պրահայի գործընթացի սկզբունքների էությանը եւ ոգուն: Մինչդեռ այդ սկզբունքները հարցի կարգավորման առումով այսօր բավականին իրապաշտ են եւ հնարավորություն են տալիս առաջընթաց գրանցելու:

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Վ. Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեի հանդիպման արդյունքները եւ դրանից հետո ստեղծված վիճակը:Վ. Օսկանյանը հավաստեց, որ Հայաստանը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն եւ քաղաքական կամք խնդիրը խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումերով լուծելու համար: