3 մարտի 2006 - 13:30 AMT
Ռ.Քոչարյանը դրական է համարում այն միտումները, որոնք այժմ կան հակամարտության լուծման հարցում
«Ես բավականին դրական եմ համարում այն միտումները, որոնք այսօր դիտարկվում են նման հակամարտությունների լուծման մեջ: Այսօր, հակամարտությունների կարգավորման մեջ մեծ ուշադրություն է դարձվում ազգերի ինքնորոշման սկզբունքին»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Եվ եթե վերլուծենք հակամարտությունների կարգավորման ուղիները վերջին շրջանում, ապա դրանք բոլորը լուծվում են այդ սկզբունքի հիման վրա: Էրիթրեայի եւ Արեւելյան Թիմորի անկախությունը հանրաքվեի միջոցով.. Գործընթացները, որոնք այսօր ընթանում են Կոսովոյի շուրջ, կասկած չեն թողնում այն առումով, թե հատկապես ինչպես կհանգուցալուծվի այդ հակամարտությունը: Հանրաքվե է ակնկալվում Չերնոգորիայում, Պաղեստինի ինքավարության հարցն արդեն կասկածի առիթ չի տալիս: Սուդանում Հյուսիս-Հարավ հակամարտության շուրջ ստորագրված պայմանագիրը»,-նշել է ՀՀ նախագահը: Նրա խոսքերով, այդ հակամարտությունների լուծման հիմքում է ինքնորոշման սկզբունքը, եւ «այդ առումով տարեցտարի մեր դիրքերը բանակցային գործընթացում ամրապնդվում են»: Այսօր շատ ավելի հեշտ է խոսել միջազգային հանրության հետ ղարաբաղյան հակամարտության լուծման մասին սկզբունքների, տեղեկանքների եւ զուգահեռների առումով: Ղարաբաղյան հակամարտության շուրջ միտումները բարենպաստ են նաեւ այն պատճառով, որ բոլորը հասկանում են` տարածքային ամբողջականության սկզբունքը, շատ կարեւոր լինելով, հաճախ օգտագործվում է ազգային փոքրամասնությունների հանդեպ բռնություն կիրառելու համար: «Այդ տեսակետից ես շատ ավելի լավատեսորեն եմ նայում բանակցային գործընթացի շարունակմանը, քանի որ այսօր առկա օրինակներն, անկասկած, հնարավորություն են տալիս հայկական կողմին առավել արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: