3 մարտի 2006 - 13:38 AMT
Իրականում Լեռնային Ղարաբաղը մասնակցում է բանակցային գործընթացին
Իրականում Ղարաբաղը մասնակցում է բանակցային գործընթացին, ուղղակի, ղարաբաղյան կողմի մասնակցությունը ասիմետրիկ բնույթ ունի եւ լիարժեք չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում` պատասխանելով բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի մասնակցության մասին հարցին: «Սակայն, երբ համանախագահները այցելում եմ տարածաշրջան, նրանք անպայման հանդիպում են ԼՂՀ ղեկավարության հետ: Նույնը վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահին: Չի եղել մի դեպք, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո ես չխորհրդակցեմ ԼՂՀ նախագահի հետ: Նույնը տեղի է ունենում արտգործնախարարների հանդիպումներից հետո: Դա նշանակում է, որ Ղարաբաղն անկասկած, ներգրավված է այս գործընթացում եւ չի մասնակցում միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցայի ձեւաչափին: Մենք պետք է փորձենք հասկանալ հետեւյալը` բանակցությունների ձեւաչափը իրականում չի համապատասխանում հակամարտության ձեւաչափին: Հակամարտության իրական ձեւաչափը Ադրբեջան-Ղարաբաղն է Հայաստանի ակտիվ մասնակցությամբ, իսկ բանակցությունների ձեւաչափը ասիմետրիկ բնույթ ունի եւ լիարժեք չէ: Սակայն, արդյոք միայն բացասական հետեւանքների կբերի բանակցությունների ներկա ձեւաչափը, թե այստեղ կա մեծ դրական ռեսուրս: Ի՞նչն է բացասական»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, առաջին հերթին, Ադրբեջանը փորձում է օգտագործել այդ ձեւաչափը Հայաստանի ագրեսիայի եւ տարածքների գրավման մեջ մեղադրելու համար: Ըստ էության, սա է բացասական երեւույթը: «Միանշանակ կարող եմ ասել, որ այդ փաստարկները այլեւս ոչ ոքի չեն հետաքրքրում, հակամարտության էությունը պարզ է բոլորին, եւ բոլորն են հասկանում, որ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հետ բակացություններից հոգեբանական պատնեշի հետեւանք է, կապված պատերազմի հետեւանքների հետ: Մնացած բոլոր բացասական գործոնները որոշ առումով չեզոքացվել են հակամարտության վերաբերյալ առավել խորը պատկերացումների ներկայացմամբ»,-նշել է նա: