23 հուլիսի 2013 - 10:36 AMT
Ոստիկանությունը՝ ակտիվիստներին. Վարորդների հոգեվիճակի խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ

Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում երեկ երեկոյան մի խումբ անձինք խախտել են ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը՝ նկատի ունենալով ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների գործողությունները:

«Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլև, ցավոք, անտեսել այն իրողությունը, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդի բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում վարորդի երթևեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետևանքների:

Եվ նույնիսկ այս պայմաններում ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսևորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ` բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն անօրինական լինելը, այլև հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքները:

Չնայած դրան, հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին և օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքը, ինչը և կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների հոգեվիճակի խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ:

Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ երթևեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսևորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության: