23 հուլիսի 2013 - 11:27 AMT
ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը

Տրանսպորտի գնի թանկացման իրավական հիմքերը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին և 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։

Պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել է հայտնել, թե արդյոք անօրինական չէ այն, որ հանրային տրանսպորտում երթևեկության համար վճարելիս քաղաքացուն չի տրվում վճարումը հավաստող տոմս կամ ՀԴՄ: Ստացվում է, որ քաղաքացիների վճարած գումարների հոսքն անվերահսկելի է և կարող է չհարկվել։

Երևանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել է տրամադրել տեղեկություններ, թե Երևան քաղաքում որ կազմակերպությունները քաղաքային տրանսպորտի որ երթուղիներն են սպասարկում և ինչ իրավական հիմքով: ԻԱԿ-ը դիմել է նաև երթուղիներ սպասարկող «Ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ և «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ տրանսպորտային կազմակերպություններին` խնդրելով հայտնել, թե քանի վարորդ է աշխատում կազմակերպությունների կողմից սպասարկվող երթուղիներից յուրաքանչյուրում, որքան է կազմում վարորդների աշխատավարձը, ինչպես նաև խնդրել է տրամադրել վարորդների աշխատանքային պայմանագրերի պատճենները` վարորդների անձնական տվյալները ծածկած: