23 հուլիսի 2013 - 17:49 AMT
«Բարև, Երևանն» ավագանուն առաջարկում է ուղեվարձի սակագնի հարցով դիմել քաղաքապետին

Այսօր Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Երևանի ավագանու ուղերձի նախագիծ՝ ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ըստ այդմ նրանք առաջարկում են, որ ավագանին դիմի Երևանի քաղաքապետին, որպեսզի նա ուժը կորցրած ճանաչի մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների ու տրոլեյբուսների ուղեվարձի սակագնի բարձրացման մասին որոշումը:

«Բարև, Երևանը» հիշեցնում է, որ թեև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով Երևանի ավագանուն վերագրված չեն ուղղակի և հստակ լիազորություններ տրանսպորտի ոլորտում, այդուհանդերձ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով ավագանուն վերապահված է քաղաքապետի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: