23 հուլիսի 2013 - 18:16 AMT
Հայաստանը կարևորում է գործակցությունը Ֆրանսիայի հետ ճանապարհաշինության բնագավառում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 23-ին հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ:

Նախարարը կարևորեց Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը հեռահաղորդակցության և ճանապարհաշինության բնագավառներում, վստահություն հայտնեց, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Գագիկ Բեգլարյանը դեսպանին ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաև վերջին շրջանում ծրագրում առաջացած այն խնդիրները, որոնք կապված էին տեխնիկական և ճարտարագիտական վերահսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» ընկերության հետ:

«Իրավիճակն այնպիսին էր, որ մենք ցանկանում էինք նույնիսկ պայմանագիրը խզել «Սաֆեժ»-ի հետ, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կարողացան վերացնել առաջացած բոլոր թերությունները: Այսօրվա աշխատանքների ընթացքից ես գոհ եմ»,- նշեց նախարարը:

Անրի Ռենոն ասաց, որ ինքը նույնպես տեղյակ է եղել «Սաֆեժ»-ի հետ կապված խնդիրներին, ուրախ է, որ դրանք արդեն վերացվել են:

Դեսպանը կարևորեց նաև երկու երկրների համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում երրորդ բջջային օպերատոր «Օրանժ» ընկերությունը կատարել է մի շարք բարելավումներ, իրականացրել բազմաթիվ ծրագրեր: Հանդիպմանը նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսական համագործակցության տարբեր բնագավառներում ֆրանսիական ընկերությունները Հայաստանում սպասված են և մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման և փորձի փոխանակման առումով։