Հայաստանն ակնկալում է ՄԱԿ օժանդակությունը սիրիահայերի խնդիրների լուծման հարցում

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ օժանդակությունը սիրիահայերի խնդիրների լուծման հարցում

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը Բրեդլի Բուզետտոյին ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Մասնավորապես նախարարն անդրադարձավ ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Իր խոսքում նախարարը նշեց. «Հայաստանում բնակվող սիրիահայերի 80%-ը ապրում է վարձով, նրանք այժմ մշտական կացարանի խնդիր ունեն, այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար: Սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ, խնդրում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին օժանդակելու հարցում: Ինչպես նաև ակնկալում ենք Ձեր օժանդակությունը սիրիահայերի համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու և ժամանակավոր կացարաններով ապահովելու խնդիրներում: Մենք պետք է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրենք նրանց խնդիրներին, որպեսզի նրանք բնակություն հաստատեն Հայաստանում»:

Բրեդլի Բուզետտոն իր խոսքում նշեց. «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և կատարված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար: Դոնոր պետությունները օգնում են սիրիացի փախստականերին հատկապես Սիրիայի սահմանակից երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրանում: Պետք է հստակ առաջարկությունով հանդես գալ, որպեսզի նրանց ուշադրության կենտրոնում լինեն նաև Հայաստան եկած սիրիահայերը»:

Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց նաև մի շարք այլ հարցերի արձագանքելու և օգնելու վերաբերյալ: Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց նաև հունիսի 18-19-ը Ժնևում կայացած Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից հրավիրված «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)» շրջանակներում Սփյուռքի նախարարների համաժողովի մանրամասները:

Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---