24 հուլիսի 2013 - 17:34 AMT
Տրանսպորտի նախարարություն. Միջպետական և միջմարզային տրանսպորտի ուղեվարձը չի փոխվել

Տրանսպորտի նախարարությունը մերժել է միջպետական և միջմարզային տրանսպորտի գծերը շահագործող ընկերությունների հայտերը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

«Ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունները որպես կանոն հայտ են ներկայացնում մեզ, մենք այն քննում ենք, հետո որոշում ենք կայացնում հիմնավորումների վրա հենվելով: Այսօրվա դրությամբ ուղեվարձը մնացել է նույնը»,-ասել է տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Հուլիսի 20-ից Երևանի հասարակական տրանսպորտում ուղեվարձի թանկացումը 100 դրամից մինչև 150 դրամ դժգոհությունների ալիք է բարձրացրել մայրաքաղաքում: Բողոքի ակցիաներն անցնում են «Չենք վճարի 150 դրամ» կարգախոսով: