Ուելսում կարծում են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Նախօրեին Մեծ Բրիտանիայում կարեւոր քայլ է արվել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ մաին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ուելս-Հայաստան միությունում: Միությանը հասցեագրված նամակում Ազատական-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Մենզիս Քեմպբելլը նշել է. «Մենք հավատում ենք, որ 1915-1916 թթ. իրադարձություններն իրոք հանցագործություն են մարդկության դեմ»: Ավելի վաղ Ուելսի Ազատական-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Դեվի Նայթը նույնպես Ուելս-Հայաստան միությանը հասցեագրված ուղերձում հայտարարել է.«Ուելսի Ազատական-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչները համոզված են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ճանաչի անցյալ դարավերջին կատարված հայ ժողովրդի ողբերգությունը որպես ցեղասպանություն: Այն, որ ազատական կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպնությունը, հիասթափություն է առաջացնում»: Հիշեցնենք, որ հանդես գալով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, Ուելսի Ազատական-ժողովրդավարական կուսակցության անդամ Ջեննի Ռենդերսոնը նշել է.«1915 թ. Հայոց ցեղասպանությունը 20 դարի նման տիպի առաջին ոճրագործությունն էր: Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, քանի որ ճանաչումն այն բանի երաշխիքն է, որ նման հանցագործություն այլեւս չի կատավի: Թուրքիայի կողմից մարդու իրավունքների ոլորտում անցկացվող բարեփոխումները ողջունելի են, սակայն Թուրքիան դեռեւս շատ անելիք ունի Եվրամիության լիիրավ անդամ դառնալու ճանապարհին: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները տեւական կլինեն, եւ Անկարան պետք է օգտագործի այդ ժամանակը փոքրամասնությունների, ինչպես կրոնական, այնպես էլ ազգային, իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար: Թուրքիան պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---