25 հուլիսի 2013 - 11:34 AMT
Տարոն Մարգարյանը կդիմի հանրությանը. Ելույթը ուղեվարձի թանկացման մասին է

Կառավարության նիստը բացելուց առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մայրաքաղաքում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կապված ուղեվարձի թանկացման հետ:

«Սա ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած՝ որոշ կուսակցություններ կարող է և ցանկանան օգտվել այս առիթից»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այս քաղաքացիական շարժումը սոցիալական բնույթ ունի: Վարչապետին հասկանալի են երիտասարդության այն մղումները, որոնցով նրանք ղեկավարվում են:

«ՀՀ-ում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն և մենք պետք է հաշվի առնենք դա՝ պետական որոշումներ կայացնելիս»,- նշեց կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը նաև կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունն ու ինքնությունը, քանի որ դա մեծ նշանակություն ունի դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհին:

«Ուղեվարձի թանկացման որոշումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակներում, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն որոշումենրին, որոնք առնչվում են նաև գործադիր իշխանության հետ»,- հավելեց նա:

Վարչապետը նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ կառավարության ուղղություններից մեկն է կազմակերպել հանրային լսումներ այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են հանրության հետ:

Իր հերթին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանը կդիմի հանրությանը ելույթող՝ կապված ուղեվարձի թանկացման հետ: