4 մարտի 2006 - 15:08 AMT
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է «հարավկովկասյան Դեյթոն» դառնալ, կարծում են Բաքվում
Հայաստանի նախագահը միանգամայն գոհ է բանակցային գործընթացի շրջանակներից, որով առաջնորդվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ըստ Բավի «Զերկալո» թերթի վերլուծաբանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի վրա հիմնված միջազգային իրավական շրջանակները առաջին հերթին բխում են հայերի շահերից: «Եթե չվերանայենք դեռեւս անցյալ դարի 90-ականներին ձեւավորված հակամարտության կարգավորման ձեւաչափը, ապա Ադրբեջանը ստեղծված իրավիճակում, առաջին հայացքից, պետք է անվերջ շարունակի բանակցությունները կամ շարունակելու պատրանք ստեղծի, կամ էլ դուրս գա բանակցություններից, փորձելով փոխել «խաղի կանոնները»: Որքան էլ տարօրինակ լինի, երկու տարբերակներն էլ ձեռնատու են Հայաստանին»,-գրում է թերթը: Ըստ այդ վարկածի, առաջին տարբերակի դեպքում շրջանակները նույնն են մնում, իսկ դա նշնակում է, որ «Ադրբեջանը դեռ երկար չի տեսնի Լեռնային Ղարաբաղը: Ստատուս կվոն կպահպանվի, իսկ հետո էլ, ինչպես Աստված կամենա: Առավել եւս, որ կարելի կլինի հղում անել Կոսովոյի նախադեպին: Այլ հարց է, որ այդ դեպքում Հայաստանը շատ տարիներ զրկված կլինի դրական ապագայից: Այն դեպքում, եթե Ադրբեջանը դուրս գա բանակցային գործընթացից, ապա Ռ.Քոչարյանը գործի կդնի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մեխանիզմը: Ինքնին ԼՂՀ անկախության ճանաչումը նույնիսկ Հայաստանի կողմից չի բխում Ադրբեջանի շահերից: Սակայն իրադարձությունների նման զարգացման դեպքում, Ադրբեջանը ստիպված կլինի համարժեք քայլեր ձեռնարկել, ընդ որում ստիպված, իսկ ըստ էության, դրանք կպարտադրվեն Հայաստանի կողմից: Այդ պայմաններում միակ համարժեք քայլը կարող է լինել պատերազմի հայտարարումը Հայաստանին եւ մարտական գորոծողությունների վերսկսումը ողջ ճակատում: Ընդ որում, Ադրբեջանի նախագահն այլընտրանք չի ունենա: Նա ստիպված կլինի վերսկսել մարտական գործողությունները այն ժամանակ, երբ դա կորոշի ոչ թե ինքը, այլ հայերը»,-Ադրբեջանի համար նման «տխուր» եզրակացության է գալիս թերթը: Սակայն ռազմական գործողությունների վաղաժամ վերսկսումը, առանց գերակշիռ առավելության հասնելու, միանգամայն հնարավոր է որոշ ժամանակ անց, որը «ֆալստարտ» կառաջացնի: «Մեզ կհաջողվի ազատել մի շարք հովտային շրջաններ, որից հետո, հավանաբար, մենք ստիպված կլինենք դադարեցնել ռազմական գործողությունները եւ համաձայնվել այդ հարցի քննարկմանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: Այդ դեպքում խաղաղ գործընթացի համահովանավորները, նախ եւ առաջ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, կպահանջեն «խաղաղապահ ուժեր» տեղադրել հակամարտության գծում, թույլ չտալու համար ռազմական գորոծղությունների վերսկսում: Իրադարձությունների զարգացման նման տարբերակը վաղ թե ուշ կհանգեցնի «հարավկովկասյան Դեյթոնի»` համանախագահների կողմից հակամարտության կողմերին կոնկրետ խաղաղ պայմանագրի պարտադրման»,-գրում է «Զերկալոն»: