Քաղաքապետն՝ ուսանողներին. Մեզ համար առաջնահերթ է քաղաքացու անվտանգ երթևեկությունը և որակյալ սպասարկումը

Քաղաքապետն՝ ուսանողներին. Մեզ համար առաջնահերթ է քաղաքացու անվտանգ երթևեկությունը և որակյալ սպասարկումը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ և ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումն ու մոտեցումները մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտին և ուղևորափոխադրումների վարձավճարին առնչվող հարցերի վերաբերյալ։

«Վերջին օրերին ուշիուշով հետևել եմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձություններին և, պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդությունը բավական ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի»,- նշել է քաղաքապետը։

Քաղաքապետն ուսանողներին է ներկայացրել հասարակական տրանսպորտի՝ տարիներով չփոփոխված սակագինը վերանայելու անհրաժեշտության պատճառները և հիմնավորումները՝ ընդգծելով, որ ներկայացված սակագինը հնարավորինս հավասարեցվել է տրանսպորտի ծախսատարությանը։

«Մեզ համար առաջնահերթ է քաղաքացու անվտանգ երթևեկությունը և որակյալ սպասարկումը։ Մենք փորձել ենք վերջին 2-3 տարիներին տնտեսվարող սուբյեկտներին ուղղորդել, վերահսկել, որ կարողանան իրենց ծախսերը կազմակերպել այնպես, որ սակագինն անփոփոխ մնա: Դա հնարավոր է եղել միայն շարժակազմը չթարմացնելու, պահանջված անհրաժեշտ ներդրումներ չիրականացնելու հաշվին։ 150 դրամն էլ բավարար չէ լիարժեք արդյունքի համար, սակայն այս դեպքում էլ տնտեսվարողների պահանջած սակագինը զսպել ենք՝ հաշվի առնելով, որ այն սոցիալապես խոցելի խմբերի համար սոցիալական լրացուցիչ բեռ կլինի։ Մեր քաղաքականությունը նորացված շարժակազմ ունենալն է, ապա նաև վճարման միասնական համակարգի ներդնումը, որը հնարավորություն կտա արտոնություններ տրամադրել սոցիալական որոշ խմբերի, ինչպես նաև ուսանողներին: Բայց քանի որ այս գործընթացը բավական ժամանակատար է, արտոնությունների հարցը հանձնաժողովն է քննարկելու»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով հարցի սոցիալական բաղկացուցիչը:

Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ առաջիկայում կձևավորվի հանձնաժողով՝ հարցը համակողմանի ուսումնասիրելու և լրամշակելու համար, և առաջարկել է ուսանողների ներկայացիչներին նույնպես ներգրավել հանձնաժողովի աշխատանքներին։

Ուսանողներն իրենց հերթին առաջարկել են արտոնությունների՝ իրենց վերաբերող մասով ներգրավել նաև բուհերին, որոնք խոշոր հարկատուներ են, և ընդգծել են, որ որոշ երևանյան բուհեր արդեն նախադեպ կարող են լինել։ Ընդունելով բարձրացված հարցը քննարկելու առաջարկը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ հարցը ևս օրակարգում կընդգրկվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---